Գլխավոր Ավելին

Հետաքրքիր փաստեր Պարկինսոնի հիվանդության մասին․ Սոֆիյա Խաչատուրյան

 Ապրիլի 11-ը Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրն է։ Այս օրը բժշկական օրացույցում առանձնացվել է՝ բարձրացնելու մարդկանց տեղեկացվածությունն այս հիվանդության, դրա ախտանշանների, ախտորոշման և բուժման տարբերակների վերաբերյալ։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանը ներկայացրել է Պարկինսոնի հիվանդության մասին կարևոր դիտարկումներ․

1. Իսկ դուք գիտե՞ք, որ Պարկինսոնի հիվանդության առաջին նշանը պարտադիր չէ դողը լինի…։Այն կարող է սկսվել հոտառության նվազումով, փորկապությամբ կամ ձեռագրի փոփոխությամբ ։

Պարկինսոնի հիվանդությունը բազմագործոն, պրոգրեսիվ նեյրոդեգեներատիվ հիվանդություն է։ Վաղ նշանները հաճախ ոչ շարժողական են՝

հոտառության նվազում, փորկապություն, դեպրեսիա, անհանգստություն, քնի խանգարումներ, ձեռագրի մանրացում (միկրոգրաֆիա)։ Այս ախտանշանները կարող են ի հայտ գալ դեռևս մինչև տեսանելի շարժողական խնդիրները։

Պարկինսոնի հիվանդությունը միայն շարժման հիվանդություն չէ։

Ոչ շարժողական ախտանշանները երբեմն կարող են ավելի ծանր և անհանգստացնող լինել, քան դողը կամ կարկամածությունը։

2. Պետք է իմանալ, որ՝

  • Դողը դեռ Պարկինսոն չէ։

Ոչ բոլոր պացիենտներն ունեն դող, և ոչ բոլոր դողերն են պարկինսոնյան։ Կան նաև այլ նյարդաբանական հիվանդություններ, որոնք ուղեկցվում են դողով։

  • Յուրաքանչյուր պացիենտ յուրահատուկ է։

Չկան երկու պացիենտներ, որոնք ունեն նույն ախտանշանները, հիվանդության ընթացքը կամ բուժման նկատմամբ արձագանքը։

  • Պարկինսոնը կարող է հանդիպել նաև երիտասարդների մոտ։

Այն միայն տարեցների հիվանդություն չէ․ կարող է սկսվել 40 տարեկանում կամ նույնիսկ ավելի վաղ։

  • Պարկինսոնով պացիենտները կարող են ունենալ կյանքի լավ որակ։

Ճիշտ բուժման, աջակցության և ապրելակերպի փոփոխությունների դեպքում հնարավոր է պահպանել ակտիվ և լիարժեք կյանք 

  •  Շարժումը կարող է լինել արդյունավետ «բուժում»։

Ֆիզիկական ակտիվությունը կարևոր դեր ունի․ յոգա, պիլատես, պար, ոչ կոնտակտային բոքս։ Սրանք օգնում են բարելավել շարժունակությունը, հավասարակշռությունը և տրամադրությունը։

  • Միմիկայի նվազումը հաճախ սխալ է ընկալվում։

Դեմքի հիպոմիմիան կարող է պացիենտին տալ տխուր կամ բարկացած տեսք, նույնիսկ եթե դա իրականում այդպես չէ։

  • Հետաքրքիր, բայց հաճախ սխալ մեկնաբանվող փաստ։

Կան դիտարկումներ, որ ծխողների մոտ Պարկինսոնի հաճախականությունը ավելի ցածր է, սակայն դա չի նշանակում, որ ծխելը պաշտպանում է հիվանդությունից։

×
facebook sharing button facebook